ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հանձնաժողովի պատվավոր անդամները մրցույթի անաչառ, արդար և թափանցիկ արդյունքների երաշխավորներն են:
Դավիթ Հալաջյան
Կոմպոզիտոր, դիրիժոր
Հանձնաժողովի նախագահ
Ցյուրիխի կոնսերվատորիայի դասախոս: Իր գործունեությունը ծավալում է որպես կոմպոզիտոր, դիրիժոր և դասախոս։ Նրա ստեղծագործությունները հնչում են համերգներում և երաժշտական փառատոներում՝ Հայաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Հոլանդիայում, Իտալիայում, Իսրայելում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Լատվիայում, Ռուսաստանում և Շվեյցարիայում։ «Անանուն» երգչախմբի խմբավարն է 1993 թվականից: Երգչախումբն արժանացել է մի շարք մրցանակների և դարձել անփոխարինելի Դիետիկոնի մշակութային կյանքում: Հալաջյանը նաև Պֆաֆֆիկոն կաթոլիկ եկեղեցու երգչախմբի ղեկավարն է: 1988-1989 թթ. Հալաջյանը խորացված դասընթացներ է անցել Ռիգայում՝ դիրիժոր Գիդո Կոկարսի և կոմպոզիտոր Փոլ Դամբիսի մոտ: 1991 թվականին Դավիթ Հալաջյանը Շվեյցարիայում ուսանել է համակարգչային երաժշտության բնագավառում Բազելի երաժշտական ակադեմիայում և Ցյուրիխի երաժշտական քոլեջում։ Դեռ ուսումնառության տարիներին Հալաջյանն աշխատել է Հայաստանի պետական հեռուստառադիոընկերությունում՝ որպես երաժշտական խմբագիր, իսկ 1987-1991 թվականներին՝ Երևանի կոնսերվատորիայի երգչախմբի խմբավար։ 1985 թվականին դարձել է ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ։